ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին:
ԿԳՄՍ նախարարությունն արդեն մշակել և շրջանառության մեջ է դրել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր և ընթացակարգեր նույնպես վերանայման կարիք ունեն, այդ թվում՝ պատմամշակութային հիմնավորման նախագծերը, ինչը, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ելակետային հիմք է տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար:
«Պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր շենքի կարգավիճակի հարցը, հընթացս համալրել նորահայտ հուշարձանների ցանկը, ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խորհուրդների մեջ ներառել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։